Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սխալ ոչինչ չեն ասում, բայց...

Սխալ ոչինչ չեն ասում, բայց...
15.05.2015 | 12:32

Հանրապետականի հերթական հինգշաբթին բոլոր հիմքերն ուներ բուռն անցնելու՝ ՀՀԿ ԳՄ նիստում պարտադիր պիտի քննարկվեին Գորիսում ծավալվող իրադարձությունները, «Նաիրիտի» հարցը, էլեկտրաէներգիայի հերթական թանկացումը: Հարցեր պիտի լինեին, պատասխաններ, ոլորտի մասնագետներ պիտի նիստին մասնակցեին ու պարզաբանումներ տային, եթե պաշտոնյաները պատասխաններ չունեն: Կուսակցական հարթակը այդօրինակ քննարկումների վայր չէ՞: Այո, չէ, եթե կուսակցությունը իշխող չէ: Նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը տասնյակ այլ հնարավորություններ ունեն իրենց համար այդ հարցերը պարզելու, բայց նրանք հասարակությանը ներկայանում են իբրև ՀՀԿ անդամ և կառավարության գործունեության պատասխանատուն ոչ միայն վարչապետն ու նախարարներն են, այլև կուսակցությունը, ուրեմն ուրիշ որտե՞ղ, եթե ոչ կուսակցությունում պիտի այդ հարցերը քննարկվեն: Տրամաբանորեն: Գոնե հասարակական բարենպաստ կարծիքի ձևավորման քարոզչական նկատառումներով: ՀՀԿ ԳՄ նիստը, սակայն, եղել է հերթական նիստ՝ ընթացիկ հարցերով: Քննարկվել են ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի այցը ՌԴ և ԱՄՆ, մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմի միջոցառումներին, օրակարգում եղել են ներքաղաքական, ներկուսակցական, ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հարցեր՝ նիստից հետո ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Իրեն ուղղվող հարցերին ՀՀԿ մամլո խոսնակը տալիս էր հստակ ու իրավիճակային պատասխաններ՝ «Ամեն ինչ և ոչինչ» կարգախոսով: Ոչինչ՝ որոշակի: Նախ իր իրավասությունների շրջանակում չէ, հետո կոռեկտ չէ, հետո մասնագետ չէ: Բայց նրա բախտը ֆանտաստիկ բերել է՝ որպես կանոն՝ ճեպազրույցներում որևէ լրագրող չի լսում ոչ իր հարցի պատասխանը, ոչ մյուս լրագրողների հարցերը: Նրանք հարցնում են՝ ինչ հետաքրքրում է իրենց, ստանում են ինչ-որ պատասխան՝ և վերջ: Միշտ է այդպես: Ժանրի կանոն է: Պարզաբանո՞ւմ ես ուզում՝ հարցազրույց արա, բայց նույնիսկ այդ պարագայում նույն թեմայով կրկնակի հարցերն ու իսկապես հասարակական հնչեղություն ունեցող հարցերի շրջանցումը հասկանալի չէ: Այդպես պարզվեց, որ ՀՀԿ կազմակերպական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն արդեն տեղեկատվություն տվել է, թե ում և ինչու է կուսակցությունից հեռացրել: Եվ ընդհանրապես ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման որոշումները կայացնում են կուսակցության շրջանային մակարդակում: Բայց Արտաշատի ընտրությունների վերաբերյալ, որտեղ առաջադրվել է վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ՀՀԿ խոսնակը հարկ համարեց ասել. «Պետք չէ սենսացիաներ ստեղծել: Անձամբ ճանաչում եմ Արգամ Աբրահամյանին, պարկեշտ, դաստիարակված, կիրթ անձնավորություն է, և եթե նրա բարեկամներն ունեն պաշտոն, դա չի նշանակում, որ նա չպիտի առաջադրվի»: Էդուարդ Շարմազանովը միանշանակ ճիշտ է՝ Արգամ Աբրահամյանը ՀՀ շարքային քաղաքացի է՝ օրենքներով պաշտպանված և բոլոր իրավունքներն ունի իր իրավունքներից օգտվելու: Հարցն այն է, որ ՀՀ մյուս շարքային քաղաքացիները, որ նույնքան իրավունքներ ունեն իրենց իրավունքներից օգտվելու՝ չունեն հնարավորություն, չլինելով վարչապետի, ԱԺ նախագահի և այլ պաշտոնյաների մերձավոր ու հեռավոր ազգականներ: Իսկ դա արդեն քաղաքական, փիլիսոփայական, հայեցակարգային խնդիր է և վերաբերում է նաև ԱԺ փոխնախագահին ու ՀՀԿ մամլո խոսնակին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ բարձրաստիճան ու ոչ այնքան պաշտոնյաները սխալ ոչինչ չեն ասում, բայց միլիմետր անգամ ճշմարտությանը չեն մոտենում: Եվ ընդհանրապես՝ ժամանա՞կը չէ պարզելու, թե Գագիկ Ծառուկյանը, ում հանգիստ թողնելու էր կոչում ՀՀԿ մամլո խոսնակը, կատարե՞լ է իր հարկային պարտավորությունները, կա՞պ չունի իրեն մեղսագրվող հանցագործությունների հետ, թե՞ դա արդեն որևէ մեկին չի վերաբերում: ՈՒ եթե երեկ ՀՀԿ ԳՄ նիստը կադրային հարցեր չի քննարկել, ե՞րբ է քննարկելու Սյունիքի իրավիճակը: «Նաիրիտի» հարցը որևէ ՀՀԿ-ականի չի՞ վերաբերում, թե՞ վարչապետը միայնակ պիտի խնդրի տակից դուրս գա՝ որքան արագ՝ այնքան իր համար լավ: Էլեկտրաէներգիայի թանկացման հարցն էլ չի՞ վերաբերում ՀՀԿ-ին՝ սուբյեկտիվ հարց է, շատ սուբյեկտիվ ու Հայաստանից կախված չէ: Հայաստանը Հայաստանում կատարվող ինչի՞ հետ կապ ունի՝ սա խնդիր է, որ արժի պարզել ՀՀԿ ԳՄ հաջորդ նիստում:

Դիտվել է՝ 1773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ